«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են անում։ «Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց՝ կարելի է ասել, հարկայինի տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար:
Ըստ այդ աղբյուրի, իշխանությունների սրտի օլիգարխը հրաժարվել է «մուծվել»՝ ասելով, որ գործերը լավ չեն, ու հայտնվել է հարկայինի թիրախում։ Ասում են` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է: Իշխանությունները, որ 18-ից հետո զերծ էին մնում բիզնեսին հարվածելուց, հիմա քերթում են գործարարներին` կամայական թվեր են նրանց վրա դնում՝ պահանջելով հոգալ պետության կարիքները։ Փողը պակասել է, պահանջները` մեծացել, ցինիզմը` շատացել, եւ իշխանություն պահելու համար այլեւս բիզնեսմենների օգնության կարիքը չեն զգում:
ՊԵԿ-ից մեր հարցին ի պատասխան, ըստ էության, չհերքեցին ստուգումների փաստը. «ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Ստուգումները չեն իրականացվում ըստ կազմակերպության անվանումների։ Հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների, ուստի Ձեր հարցադրման հետ կապված՝ կարող ենք հաղորդել այսքանը»։