«Զավեշտալի դրվագ՝ հայաստանցի-արցախցի քաղաքացիության հետ կապված»․ Թաթուլ Հակոբյան
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանցի-արցախցի քաղաքացիության ամենազավեշտալի և «բեսպրիդել» դեպքը․Այս օրերին, երբ շատ է խոսվում այս թեմայի մասին, նոր սերնդին ուզում եմ հիշեցնել մի զավեշտալի դրվագ:Երբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997թ. մարտին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակեց Հայաստանի վարչապետ, իրավական հարց առաջ չեկավ` չճանաչված, բայց անկախություն հռչակած ԼՂՀ քաղաքացին կարո՞ղ է դառնալ Հայաստանի կառավարության ղեկավար: 1995թ. ընդունված Սահմանադրությունը վարչապետի քաղաքացիության հետ կապված ոչ մի պահանջ չէր դնում: Նախագահի դեպքում այլ էր: Մայր օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, նախագահ կարող էր դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:1998թ. փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել և մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996թ. նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:Հայաստանի արդարադատությունը, սակայն, այլ որոշում ընդունեց: Հայտարարվեց, որ Քոչարյանի` նախագահության թեկնածու առաջադրվելու համոզիչ իրավական դաշտ կա, քանի որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված համատեղ որոշման երրորդ հոդվածով հռչակվել է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Որոշման նույն կետով սահմանվել էր, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ քաղաքացու իրավունքները: Այս որոշումը վերացված չէր, ավելին` Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր` հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա:Պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը տակավին 1991թ., իսկ Քոչարյանը ԼՂ քաղաքացի է, չեզոքացվում էր հակափաստարկով` ոչ մի պետություն, այդ թվում և Հայաստանը, չեն ճանաչել այդ անկախությունը:Ահա այսպիսի զավեշտալի «բեսպրիդել»»