top of page

Չեմ կիսում գնահատականը, որ սահմանազատման գործընթացի հետ կապված բանակցությունները փակուղի են մտել․ Մհեր Գրիգորյան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Apr 9
  • 2 min read

Երեկ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ապրիլի 8-10-ը Տավուշի մարզում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ։ 

Սա առիթ հանդիսացավ հետաքրքրվել սահմանազատման և սահմանագծման գործընթացի ճակատագրից, որը, մեր տպավորությամբ, կարծես, փակուղի է մտել և առաջ չի շարժվում։

Ուստի, կապ հաստատեցինք այս հարցով Հայաստանի անունից ադրբեջանական կողմի հետ բանակցող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և մի քանի հարց ուղղեցինք նրան․ 

-Պարոն Գրիգորյան, նախ՝ ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, վերջին աշխատանքային հանդիպումն ի՞նչ արդյունքներ է գրանցել և ե՞րբ է այն տեղի ունեցել։

-Երկու երկրների հանձնաժողովների վերջին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման արդյունքների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության կողմից 2025 թվականի փետրվարի 14-ին տարածվել է մամուլի հաղորդագրություն:

-Կա՞, արդյոք, պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ, թե երբ է այն կայանալու։

-Այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման կոնկրետ ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն չկա:

-Կարո՞ղ ենք ասել, որ բանակցությունները փակուղի են մտել կամ փակուղային իրավիճակ է ստեղծվել, քանզի տեսնում ենք, որ Տավուշի մարզում իրականացված սահմանազատման աշխատանքներից հետո, կարծես, «սայլը տեղից չի շարժվում»։

-Ոչ, ես չեմ կիսում Ձեր գնահատականը առ այն, որ սահմանազատման գործընթացի հետ կապված բանակցությունները փակուղի են մտել:

-Ըստ Ձեզ՝ արբեջանական կողմը կառուցողակա՞ն է տրամադրված, թե՞ հատկապես վերջին շրջանում իր կատարած քայլերով ու սադրանքներով ավելի շատ վիժեցման է տանում գործընթացը, և ո՞րն է դրա նպատակը, նոր պատերա՞զմ։ Ինչո՞ւ չի ստորագրվում նաև խաղաղության համաձայնագիրը, որի վերաբերյալ հայկական կողմից քանիցս հայտարարվեց, որ պատրաստ են օր առաջ ստորագրել։ Արդյոք Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաննե՞րն են խանգարում ստորագրմանը։

-Խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ: Ըստ էության՝ մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, և հետևաբար՝ հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։  ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, եւ մեր գործողությունները շարունակելու են միտված լինել համաձայնագրի ստորագրմանը։

-Երեկ ՊՆ-ն հայտարարեց, որ ապրիլի 8-10-ը Տավուշի մարզում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ։ Ինչո՞վ է պայմանավորված այս գործընթացը հենց այսօր՝ այս փուլում իրականացնելը, արդյոք սա ուղիղ կապվա՞ծ է սահմանազատման գործընթացի հետ։

-Նշված աշխատանքները որևէ կապ չունեն սահմանազատման գործընթացի հետ:

bottom of page