Հայտարարագրված ո՞ր եկամուտներն են ենթակա հարկման. պարզաբանում է մասնագետը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, ներկայացրեց նաև 2025-ի հիմնական ծրագրերն ու առաջնահերթությունները: Դրանց շարքում առանձնացրեց հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումը և այս ուղղությամբ ՊԵԿ-հանրություն-բիզնես գործընկերային և կառուցողական երկխոսության ամրապնդումը:
Մասնավորապես նշվեց, որ հարկային ոլորտում նախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը: ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի: Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները և այլն:
Սակայն, չնայած պարզաբանումներին, հանրության շրջանում կա որոշակի խուճապ: Հարցերը շատ են. տարեցներն ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային գործիքներից, փոխանցումների դեպքում կա՞ հարկ, թե՞ ոչ, ի՞նչն են հայտարարագրում, ի՞նչը՝ ոչ, և այսպես շարունակ:
Որոշակի պարզաբանումներ ստանալու և գործընթացը հստակ պատկերացնելու համար զրուցեցինք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
«Նախ նշենք, որ հայտարարագրման ինստիտուտը ժամանակակից ֆինանսական-տնտեսական աշխարհում կարևորագույն գործիքներից մեկն է, այն թույլ է տալիս պետությանը տեղեկատվություն հավաքագրել իր բնակչության վերաբերյալ և դրա հիման վրա իրականացնել հասցեական սոցիալական քաղաքականություն: Օրինակ, սոցիալական քաղաքականության պարագայում՝ մարդիկ, որոնք չեն աշխատում, դիմում են պետությանը նպաստ ստանալու համար, բայց երբեմն ունենում են եկամտի այլ աղբյուր, ասենք՝ դրսից են ստանում գումարներ, բայց պետության կողմից դասակարգվում են որպես սոցիալապես խոցելի և նրանց վճարվում է նպաստ: Այսինքն, այս ամենի արդյունքում մենք հնարավորություն կունենանք մեր քաղաքացիների իրական եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ»,- ներկայացրեց Պարսյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սա ոչ թե գույքի հայտարարագրում է՝ ինչ տուն, մեքենա ունեք, այլ եկամուտի: Խոսքը վերաբերում է և՛ նվիրատվություններին, և՛ աշխատավարձերին:
«2025 թվականին հայտարարագիր են ներկայացնելու այն անձինք, ովքեր 2024 թվականի ընթացքում պետական կամ մասնավոր սեկտորում հանդիսացել են աշխատող, պայմանագիր են կնքել, կամ ծառայությունների մատուցել: Երկուսի դեպքում էլ քաղաքացին պարտավոր է հայտարարագիր ներկայացնել: Ըստ էության, կարող ենք ասել, որ մոտ 700 հազար մարդ պետք է 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնի մինչև 2025թ.-ի մայիսի 1-ը»,- ասաց մեր զրուցակիցը:
Տնտեսագետի խոսքով՝ հայտարարագիր ներկայացնելու համար մարդիկ պետք է ունենան նույնականացման քարտ, կարող են հիմա դիմել Ոստիկանություն և ստանալ այն, և դրանից հետո դիմեն իրենց բջջային օպերատորին ստորագրող քարտ ստանալու համար: Ստացվում է, որ 3000 դրամ նույնականացման քարտի համար պետք է վճարեն, 500 դրամ՝ բջջային օպերատորին և 3000 դրամ էլեկտրոնային ստորագրության համար, մի քանի մանր բանկային ծախսեր էլ գումարած, և գալիս է մոտ 7500-8000 ծախս, որը յուրաքանչյուր քաղաքացի պետք է անի հայտարարագիր ներկայացնելու համար: Բայց, մատնանշեց Պարսյանը, օրինակ երկրներ կան, որ այդ ծախսերի մի մասն իրենց վրա են վերցնում (Վրաստանը)՝ էլեկտրոնային ստորագրությունները պետությունը հիմնականում անվճար է տրամադրում, բայց Հայստանի պարագայում քաղաքացին պետք է վճարի 3000 դրամ: Այսինքն, սա հատկապես ֆինանսական ցածր եկամուտ ունեցողների համար կարող է խնդիրներ առաջացնել:
«Կարճաժամկետ մյուս կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, թե արդյո՞ք մեր Ոստիկանությունը, անձնագրեր սպասարկող վարչությունը ի վիճակի կլինի մեր բնակչության համար նույնականացման քարտեր արտադրել և տեղաբաշխել: Որովհետև անցյալ տարի ստիպված եղան հետաձգել հայտարարագրման ամսաթիվը, սահմանված մայիսի 1-ի վերջնաժամկետը երկարացվեց մինչև հուլիսի 20-ը, և հետաձգեց այն պատճառով, որ նույնականացման քարտերը չէին կարողանում հասցնել ժամանակին: Դրա համար, կարծում եմ, որ այդ խնդիրն այս տարի ևս կունենանք»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է բնակչության ճնշող մեծամասնությանն անհանգստացնող հարցին, թե արդյո՞ք արտերկրից ստացված փոխանցումների դեպքում պետք է հարկ վճարեն, Պարսյանը մանրամասնեց.
«Դրսից տրանսֆերտները հարկման ենթակա չեն, այսինքն, դուք պետք է ներկայացանեք հայտարարագրում, որ X թվով գումար եք ստացել, բայց դա հարկ չի առաջացնում: Քանի որ ՊԵԿ-ում երևալու է ձեր բանկային փոխանցումները, այստեղ կարևոր է, որ ներկայացնեք հայտարարագրում, թե ինչ նպատակով է ձեզ ուղարկվել գումարը, եթե անձնական նպատակով, ապա չի հարկվելու: Եթե դուք չներկայացնեք, հարկային մարմինը կարող է վարույթ սկսել պարզելու դրան նպատակը, որովհետև միգուցե դուք ծառայություն եք մատուցել դրսի որևէ կազմակերպությանը, այս պարագայում այն հարկվում է: Հետևաբար ստացվում է, որ տրանսֆերտները, նվիրատվությունները չեն հարկվում բայց հայտարարագրման ենթակա են»,- պարզաբանեց տնտեսագետը:
Ինչպես նշել էինք, այս պահին ՊԵԿ-ը քննարկում է նվազագույն շեմի սահմանման հարցը, օրինակ՝ 10, 15 հազար դրամի փոխանցումները հայտարարագրման չդիտարկեն, քանի որ ընտանիքի անդամները մեկը մյուսին փոքր գումարներ են փոխանցում, կամ աշխատակիցներն են գումարներ փոխանցում միմյանց տարբեր առիթների համար... այդ գումարները հայտարարագրելու կարիք չի՞ լինի, երբ շեմը սահմանեն:
«Շեմը սահմանելուց հետո, կարծում եմ, մի շարք հարցեր դուրս կգան և մեր հանրությունն ավելի քիչ տեղեկատվություն հայտարարագրելու անհրաժեշտություն կունենա: Ընդհանրապես, հայտարարագրման համակարգը կարելի է բաժանել երկու մասի. հարկեր առաջացնող եկամուտ և հարկեր չառաջացնող եկամուտ: Հարկեր չառաջացնող գումարներից են այս պահին նվիրատվությունները, տրանսֆերտները, ԱՊՊԱ-ից ստացված գումարները, ավանդից ստացված տոկոսները... սրանք պետք է հայտարարագրեք, բայց հարկ չի առաջանում: Հարկվող է, օրինակ, վարձակալությունից, ծառայությունների մատուցումից և այլն, ստացված գումարները»,- եզրափակեց նա, հավելելով, որ անշուշտ մեր հանրությանն իրազեկելու խնդիր կա, կապված գործիքների տիրապետման և կիրառման հետ, և այդ պատճառով առաջին անգամ գուցե կարիք լինի դիմել մասնագետի օգնությանը: