top of page

Ի՞նչ սպասել ԵԽ բանաձևից հետո, արդյո՞ք գերիների վերադարձ հնարավոր է այս ֆոնին


Եվրոպական խորհրդարանի՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևը քաղաքական շատ կարևոր բանաձև է, որը կարող է որոշակի զսպող ազդեցություն ունենալ։ Այդ մասին զրույցում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այս քաղաքական փաստաթղթում գնահատական է տրվել Բաքվում պահվող հայերի կարգավիճակին, նրանց ազատության սահմանափակման ապօրինի բնույթին և անհապաղ ազատության կոչ է կատարվել։

«Անդրադարձ կա նաև գերիների խոշտանգումների դրսևորումներին։ Այս փաստաթուղթն այնքանով է կարևոր, որ ունի նաև այլ հասցեատերեր։ Այն թեև ուղերձ է Ադրբեջանին, այնուամենայնիվ այն հասցեական է նաև ԵՄ անդամ պետությունների համար։ Այսինքն՝ ԵՄ անդամ պետությունները հանձնառություն պետք է ունենան տեսակցել Բաքվում պահվող հայերին և քայլեր ձեռնարկել նրանց վիճակը բարելավելու համար։ Շատ ողջունելի էր Միջազգային քրեական դատարանի դատախազին ուղղված կոչը՝ հետաքննելու այդ գործերը, վեր հանելու արարքները, ինչպես նաև անձնական քրեական պատասխանատվության հարցերը։ Առաջին անգամ էր, որ նման քաղաքական փաստաթղթում բացահայտ կերպով խոսվում էր նաև պատժամիջոցների մասին»,- զրույցում ասաց Սահակյանը։

Նրա դիտարկմամբ՝ նմանաբնույթ փաստաթղթերը ձևավորում են միջազգային իրավունքի փափուկ իրավունքը։

«Այն ունի քաղաքական ուժ և կարող է հասնել նրան, որ պետությունն իր վարքագծում փոփոխություն ունենա»,- ասաց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով, սակայն, նմանաբնույթ փաստաթղթերի ընդունումից հետո գերիների վերադարձի մասին խոսելն իրատեսական չէ։ Բայց և, իր դիտարկմամբ, հիմա լավ հնարավորություն է ստեղծվել, որ ԵՄ անդամ պետությունները այցելեն հայ գերիներին ու դիտարկումներ իրականացնեն։

bottom of page