top of page

Թիվ 76 դպրոցի արշալույսները խաղաղվե՞լ են. ի՞նչ զարգացումներ կան կրթօջախում սկանդալից հետո

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Apr 2
  • 1 min read

Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում օրեր շարունակ լարված իրավիճակ էր: Խնդիրը 2–րդ դասարանի աշակերտի պահվածքի հետ էր կապված, որն անհանգստացնում էր ծնողներին այն աստիճան, որ նրանք չէին ցանկանում իրենց երեխաներին ուղարկել դասի, քանի դեռ, իրենց բնորոշմամբ, խնդրահարույց երեխան իրեն շարունակում է այդպես պահել։ Ծնողները դասադուլ էին հայտարարել, անգամ տնօրենի հրաժարականն էին պահանջում, քանի որ վերջինս, ըստ ծնողների, խնդիրներին լուծում չի ցանկանում տալ: 

«Այդ երեխան տեռորի է ենթարկում բոլորին իր պահվածքով։ Իսկ երեխայի մայրը թե՛ մեզ՝ ծնողներիս է սպառնում, թե՛ տնօրենին։ Արդյո՞ք սա նորմալ է, սպառնալիքներ է հնչեցնում բոլորիս հասցեին, ո՞վ կուզենա երեխային ուղարկել այդպիսի միջավայր: Հասկանո՞ւմ եք, 2–րդ դասարանի երեխան և իր ծնողը ուղղակի տեռորի են ենթարկում ամբողջ դպրոցը»,– ահազանգում էին ծնողները։

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ով նշել էր՝ տեղյակ են, խնդրին լուծումներ են տրվելու, անգամ չբացառեց՝ տնօրենի հրաժարականն էլ հնարավոր է։ Քննարկում էին նախաձեռնել ծնողների և դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ:

Ի՞նչ զարգացումներ և ի՞նչ նորություններ կան, արդյո՞ք խնդիրը հարթվել է և ի՞նչ իրավիճակ է այժմ դպրոցում. հարցերին ի պատասխան MediaHub-ին ԿԳՄՍՆ-ից հայտնեցին. «Երևանի թիվ 76 դպրոցում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Երևանի քաղաքապետարանի, դպրոցի, դպրոցը սպասարկող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներից»։

Նախարարությունից հավելեցին. «Աշխատանքային խումբը ծնողների հետ հանդիպումից հետո մշակել և ներկայացրել է խնդրի կարգավորման գործողություններ և ժամանակացույց, որով առաջնորդվելով՝ ձեռնարկվում են համապատասխան քայլերը»:

Ճշտող հարցին՝ տնօրենի աշխատանքից ազատման հարց օրակարգում կա՞, նախարարությունից արձագանքեցին. «Տնօրենի` աշխատանքից ազատման հարցը չի քննարկվում»:

Մարիաննա Արամյան

1/2449
bottom of page