top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». «ՈՎ ԲԵՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ» ԴԻՍԿՈՒՐՍԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 4 days ago
  • 3 min read



Գյումրու հետընտրական անորոշությունը կրկին քաղաքական օրակարգ էր բերել «Ով բերեց Նիկոլին» բազմաչարչար դիսկուրսը։ Մարտուն Գրիգորյանի լռության վրա փորձում են բոլորը ձեռքերը տաքացնել՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Նիկոլ բերելու մեջ մեղադրող քոչարյանականներից սկսած, նիկոլականներով եւ ընտրություններին չմասնակցած քաղաքական մանր-մունր ուժերով վերջացրած։  



Եթե սկզբում քննադատում էին միայն Մարտուն Գրիգորյանին՝ պահանջելով ժամ առաջ դիրքորոշում հայտնել, ապա հետո արդեն սկսեցին մեղադրանքներ հնչել նաեւ Սերժ Սարգսյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հասցեին։ Հայտնի է, որ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած որեւէ ուժ միայնակ չի կարող համայնքապետ ընտրել, բայց եթե ընդդիմադիրները միանան, ապա Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ 

Ընտրություններից անմիջապես հետո 4-րդ եւ 5-րդ տեղը գրաված «Իմ հզոր հայրենիք» եւ «Մայր Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին, որ կաջակցեն երկրորդ տեղը գրաված Վարդան Ղուկասյանին։ Ղուկասյանն էլ հրապարակային ասաց՝ արդարությունը պահանջում է, որ ընդդիմադիր ուժերը միանան իրեն՝ որպես առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուի, եւ հայտարարեց, որ, բացի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, մյուս պաշտոնները կարող է զիջել ընդդիմադիր մյուս ուժերին։ 3 ուժերի՝ Վարդան Ղուկասյանի, Ռուբեն Մխիթարյանի եւ Կարեն Սիմոնյանի ավագանիների ձայներին ընդամենը 4 ձայն է պակասում, որ ընդդիմությունը Գյումրիում իշխանություն ձեւավորի: Ուստի ընդդիմությունը սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ 


Վերջինս միայն հայտարարել է, որ «Քաղպայմանագիրը» Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, որից, սակայն, հնարավոր չէ հասկանալ, թե դաշինքն ինչ որոշում կկայացնի՝ քվե կտա՞ Վարդան Ղուկասյանին, թե՞ գործընթացները կտանի դեպի նոր ընտրություններ, որը կարող է ընդդիմության օգտին չլինել։ Ընտրողը, հիասթափվելով կատարվածից, որ մերժեց իշխանությանը, բայց ընդդիմությունը չկարողացավ մի կողմ թողնել տարաձայնությունները եւ միավորվել, կարող է չմասնակցել նոր ընտրության։ 


Մարտուն Գրիգորյանն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր է, նրա «Մեր քաղաքը» դաշինքը ձեւավորվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» եւ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից։ Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը ձեւավորվել է ՀՀԿ-ից եւ Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունից։ Գրիգորյանն առաջադրվել է Վանեցյանի կուսակցության ցուցակով։ Երբ 2021 թ. հունիսին Արթուր Վանեցյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին, Մարտուն Գրիգորյանը շարունակեց պատգամավորական գործունեությունը «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում, որը դե ֆակտո դարձավ հանրապետականների խմբակցություն, չնայած մի քանի անկուսակցական պատգամավորների ներկայությանը։


Հենց այս ամենը հաշվի առնելով էլ հանրությունն այսօր Սերժ Սարգսյանին ու Արթուր Վանեցյանին է մեղադրում Գյումրիում հետընտրական այս անորոշության, Մարտուն Գրիգորյանի լռության համար։ Եվ փաստարկը, թե Գրիգորյան եւ Ղուկասյան գերդաստանների միջեւ «արյան վրեժ» կա, ոչ մեկին համոզիչ չի թվում։ Նախ՝ որովհետեւ Գրիգորյանը շատ լավ իմացել է, թե ինչի մեջ է ինքը մտնում, եւ այս արդյունքները վաղուց կանխատեսելի էին: Ոմանք արդարացնում են, թե ակնկալել է, որ ինքն ավելի շատ քվե կստանա, քան Ղուկասյանը, եւ ոչ թե ինքը կլինի միացողը, այլ՝ դիմացինը, սակայն սոցհարցումները վաղուց էին հուշում, որ Մարտուն Գրիգորյանը զիջելու է Վարդան Ղուկասյանին, հետեւաբար՝  գերդաստանի «շահը» կամ վիրավորանքը պետք ստորադասել պետության շահին։ Շատերի կարծիքով՝ եթե Գրիգորյանը հայտարարեր Ղուկասյանին աջակցելու մասին, դա կաներ առանց երկար-բարակ մտածելու, ուստի ակնկալում են, որ նա չի աջակցելու Ղուկասյանին՝ ջուր լցնելով ՔՊ-ի ջրաղացին։ 


Ի դեպ, քաղաքական գործընթացներն ու ուժերի դիրքավորումն էլ են հուշում, որ Մարտուն Գրիգորյանը չի արդարացնելու հանրության ակնկալիքները։ Վերջին օրերին դեմքը փրկելու եւ այս ամենից մաքուր դուրս գալու քայլեր է անում ՀՀԿ-ն։ Չնայած Մարտուն Գրիգորյանն իր առաջադրման եւ ընտրությունների հետ կապված գրեթե բոլոր հարցերը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն ՀՀԿ-ից վստահեցնում են, որ իրենք կապ չունեն Մարտուն Գրիգորյանի լռության հետ։


Մարտուն Գրիգորյանը, մի կողմ դնելով Վարդան Ղուկասյանի հետ տասնամյակներով ունեցած հակամարտությունը, պետք է, այնուամենայնիվ, սատարի Վարդան Ղուկասյանին․ ֆեյսբուքյան իր էջում նախօրեին գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հորդորելով Փաշինյանի եւ Վարդան Ղուկասյանի միջեւ նախապատվությունը տալ, ինչպես ինքն է ձեւակերպել, «չարյաց փոքրագույնին»: «Մարտո՛ւն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից եւ ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, եւ Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի»,- գրել է նա։


Իսկ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանն ասուլիսում հիշեցրեց, որ, նախ,  Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ, երկրորդ՝ նա պատգամավոր է դարձել «Հայրենիք» կուսակցության քվոտայով։ Տիգրան Աբրահամյանը սա չի ասում՝ նվազեցնելու համար Մարտուն Գրիգորյանի դերը՝ իբրեւ քաղաքական գործչի եւ մարդու, այլ նրա համար, որ ՀՀԿ-ն չի կարող իրեն իրավունք վերապահել՝ ուղղորդելու նրան։ «Մենք չենք ցանկանում անել քայլեր, որոնք Մարտուն Գրիգորյանին խոցելի կդարձնեն։ Ինքը, իր ընտանիքը հստակ կեցվածք ունեն, դեռ ժամանակ կա, Մարտուն Գրիգորյանը կհայտարարի իր դիրքորոշումը, որը, վստահաբար, չի վնասի Հայաստանին, հայկական պետականությանը»,- ասաց նա եւ շեշտեց, որ Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշումը Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի հետ չի քննարկել, դա իր եւ ընտանիքի որոշումն է եղել, ուստի այժմ ՀՀԿ-ն չի կարող ազդել նրա որոշման վրա։


Գուցե ՀՀԿ-ի հետ քննարկում չի եղել, սակայն հստակ է, որ անձամբ Սերժ Սարգսյանն է Գրիգորյանին խորհուրդ տվել՝ թեկնածությունն առաջադրել։ Տպավորություն է, որ ՀՀԿ-ն փորձում է կատարվելիքի ողջ մեղքը բարդել Արթուր Վանեցյանի ուսերին, որի ընկերն է Մարտուն Գրիգորյանը եւ նրա միջոցով է մտել ԱԺ: Թեեւ ակնհայտ է, որ որքան Վանեցյանն է կրում պատասխանատվություն, այնքան եւ գուցե ավելի էլ՝ Սերժ Սարգսյանը։ Ի վերջո, անհերքելի է, որ Արթուր Վանեցյանն ընտրությունների հաջորդ օրվանից ջանք չի խնայում, որ միավորումը կայանա, Գյումրուց Երեւան գրեթե չի գալիս, իսկ հանրապետականները մե՛կ մեխին են խփում, մե՛կ` նալին: Բայց եթե Գյումրին տանուլ տրվի, այլեւս ավարտված է համարվելու դիսկուրսը, թե «ով բերեց Նիկոլ Փաշինյանին»։



bottom of page