«Հրապարակ». Քանդել են ներքին Հանդի հուշարձանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղից տեղեկացանք, որ ադրբեջանցիները քանդել են Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Այս մասին տեղեկացանք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից. «Որ նայում ենք` գերեզմանոցը տեղում է` երեւում է, բայց իրենք շինություն են կառուցել՝ մնալու տեղ՝ կազարմա, էլի, անզեն աչքով տեսնում ես»: Այսինքն՝ հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել` ամրացել:
Հիշեցնենք, որ Ներքին Հանդ գյուղի հին՝ Վերին Հանդ կոչվող տարածքը, որտեղ գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, 2022 թ. մարտի 14-ից գտնվում է թշնամու տնօրինության տակ:
Ադրբեջանցիներն այդ օրը հանգիստ անցել էին միջպետական սահմանը, եկել-հաստատվել գյուղի տարածքում: Կանաչեղեն հավաքելու բարձրացած Ներքին Հանդի գյուղացիներն իրենց գերեզմանոցի տարածքում անսպասելիորեն հայտնաբերել էին թշնամու 5 վրան ու ազատ ելումուտ անող ադրբեջանցի զինվորներ:
Այդ օրվանից Ներքին Հանդը զրկվեց գերեզմանոց` իրենց հանգուցյալների շիրիմներին այցելելու, նոր մահացած հանգուցյալներին այնտեղ հուղարկավորելու հնարավորությունից, խմելու ջրի աղբյուրը հայտնվեց թշնամու հսկողության տակ, իսկ փաշինյանական իշխանությունը 3 տարի ոչինչ չի անում` մեր սուվերեն տարածքից թշնամուն դուրս վռնդելու համար»: