ՉԼ․ հայտնի է քառորդ եզրափակչի առաջին 4 մասնակիցը

Կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան 4 հանդիպում, որոնց արդյունքներով որոշվեցին քառորդ եզրափակչի առաջին մասնակիցները։
Հաջորդ փուլ դուրս եկան ՊՍԺ-ն, «Բավարիան», «Ինտերը» և «Բարսելոնան»։
Կատալոնացիները քառորդ եզրափակչում կհանդիպեն «Բորուսիա»-«Լիլ» զույգի, իսկ փարիզյան թիմը՝ «Աստոն Վիլա»-«Բրյուգե» զույգի հաղթողի հետ։
Իսկ ահա «Ինտերը» կհանդիպի «Բավարիայի» հետ քառորդ եզրափակչում։
Հանդիպումները կկայանան ապրիլին։
«Բարսելոնան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ (3:1):
Կատալոնական ակումբի կազմում դուբլ գրանցեց Ռաֆինյան՝ 11 գոլով գլխավորելով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցուցակը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լամին Յամալը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Նիկոլաս Օտամենդին։
Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային» և վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Բավարիան» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Լևերկուզենի «Բայերի» դարպասը (0:2):
Մյունխենյան գրանդի կազմում հանդիպման 52-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ 19 րոպե անց առավելությունը կրկնապատկեց կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը։
Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքում «Բավարիան» 5:0 հաշվով հաղթեց «Բայերին» և վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ դիմակայությունում երկրորդ անգամ պարտության մատնեց «Ֆեյենորդին» (2:1):
«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Յակուբ Մոդերը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հներիխ Մխիթարյանը ամբողջական հանդիպում անցկացրեց միլանյան գրանդի կազմում։
Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով «Ինտերը» 4:1 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» և վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը տեղի ունեցավ «Լիվերպուլի» և ՊՍԺ-ի միջև։
Առաջին հանդիպումն ավարտվել էր մերսիսայդցիների՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման մեկնարկում հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Դեմբելեն։ Այդ գոլը միակն էր հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում։
Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին փարիզեցիները։