Իսրայելական բանակը հայտնել է, որ Եմենի հութիների հրթիռն ընկել է Եգիպտոսի տարածքում

Եմենից արձակված հութիների հրթիռը գիշերը ընկել է Եգիպտոսի Սինայի թերակղզու վրա՝ առափնյա Շարմ էլ Շեյխ քաղաքի մոտ, հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է՝ արդյո՞ք հրթիռը նախատեսված էր Իսրայելի հրթիռակոծման համար, թեև դեռ չի կարող հաստատել դա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և ուժգին ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ՝ Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։
Վերջին տվյալներով, Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։
Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։
Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու համար»։