top of page

ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները մարտի 23-ին հրադադարի շուրջ բանակցություններ կանցկացնեն


Ռուս պաշտոնյաների հետ հրադադարի շուրջ բանակցությունները կշարունակվեն կիրակի՝ մարտի 23-ին, Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ամերիկյան կողմից կմեկնեն Ջիդդա, սակայն չի հստակեցրել, թե ով է մասնակցելու խորհրդակցություններին ռուսական կողմից։

Պատասխանելով Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների և թիրախների վրա հարձակումները դադարեցնելու մասին հարցին՝ Ուիթկոֆն ասել է. «Կարծում եմ, որ այդ երկու հարցերն արդեն համաձայնեցված են ռուսների հետ: Ես, իհարկե, հույս ունեմ, որ ուկրաինացիները կհամաձայնեն դրան»:

Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է զինվորականներին 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։

Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը երկու առաջնորդների զրույցից մի քանի ժամ անց հաղորդել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին:

bottom of page