top of page

Կանայք կորցնում են հետաքրքրությունը ռուսաստանցի տղամարդկանց նկատմամբ. ՌԴ-ում պահանջել են արգելել թուրքական հեռուստասերիալները

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 20
  • 1 min read

Ռուսաստանում պահանջել են արգելել թուրքական հեռուստասերիալները. նման խնդրանքով Է հանդես եկել «Ռուսաստանի վետերաններ» հասարակական շարժումը, գրում է lenta.ru-ն։ Համապատասխան հայտարարությունն ուղարկվել է «Ռոսկոմնադզոր», Պետդումա և ՌԴ Մշակույթի նախարարություն։ Ըստ շարժման նախագահ Իլդար Ռեզյապովի, թուրքական հեռուստասերիալները բացասաբար են անդրադառնում ժողովրդագրության վրա, քանի որ ստեղծում են տղամարդու անիրատեսական կերպար, իսկ ռուսաստանցի կանայք «կորցնում են հետաքրքրությունը ռուսաստանցի տղամարդկանց նկատմամբ»։ Նրանք տղամարդկանցից ակնկալում են այնպիսի վարքագիծ, որը ձևավորվել է նրանց մտքում արտասահմանյան կինոարտադրանքը դիտելու արդյունքում, հավելել է Ռեզյապովը։

«Թուրքական հեռուստասերիալները գաղափարական պատերազմի մի մասն են... Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ռուսական հեռուստասերիալները ցուցադրվո՞ւմ են Թուրքիայում, արդյոք մեր կինոաստղերը գնո՞ւմ են այնտեղ, և արդյոք թուրք կանայք խմբերով հերթ կանգնո՞ւմ  են նրանց տեսնելու համար: Խիստ կասկածում եմ»,- ասել է Ռեզյապովը:Նրա խոսքով՝ ռուսական հեռուստասերիալներում տղամարդիկ ներկայացվում են որպես հարբեցողներ, բռնակալներ և անհաջողակներ, իսկ ուժեղ կանայք ազատվում են խնդիրներից, երբ հանդիպում են հմայիչ օտարերկրացու: Ըստ Ռեզյապովի, դա առաջ է բերում ծնելիության նվազում և Ռուսաստանում ընտանեկան ինստիտուտի քայքայում։

«Կարևոր է օրենսդրության մեջ ամրագրել «քայքայիչ քարոզչություն» հասկացությունը և հստակ նշել, թե կինոարտադրության որ տարրերը կարող են ներառվել այս եզրույթի տակ»,- եզրափակել է հասարակական ակտիվիստը։

1/2449
bottom of page