Վստահ եմ՝ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի. Խամոյան
- Lilit Nalbandyan
- 5 days ago
- 2 min read
Միքայել Սրբազանի՝ մի քանի ամիս առաջ արված այս հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց. հարցազրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ավելին, նրա հետ մեկտեղ Լեւոնը՝ որդին էլ պետք է հայտարարի, որ հեռանում է։ Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցազրույցից մի քանի օր անց Սրբազանի հետ հանդիպում ենք «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգին։
Նստած ենք իրար կողք։
-Աստված օգնական, Սրբազան Հայր։
-Աստված պահապան…
-Ինչպե՞ս եք, առողջությունը ինչպե՞ս է։
-Փառք տիրոջը…
Մի փոքր լռությունից հետո Սրբազանը թեքվում է դեպի ինձ եւ հարցնում՝ չե՞ս նեղացել (նկատի ունի հարցազրույցը)։
-Ձեր կարծիքն է Սրբազան, համաձա՞յն եմ՝ իհարկե, ոչ։ Դա առիթ է, որ տեսնեմ ձեզ եւ ձեր որպիսությունը չհարցնեմ՝ իհարկե, ոչ։
Զրույցն ավարտվեց, համերգն էլ, բաժանվեցինք հարգանքով։
Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… ու մի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր» ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ… էժան, շատ էժան։
Կհիշեք, նման մի հարձակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։
«Թագավորը մեր՜կ է»,-համարձակվել էի ասել ես։
Վստահ եմ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց սիրելիներս, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի…
Ու որպես վերջաբան՝
«Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,
վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես,
դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։