Իշխանությունը հարցերի լուծումները գտնելու փոխարեն զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու և արցախցիների դեմ ուղղելու գործով
- Lilit Nalbandyan
- 3 days ago
- 2 min read
Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր արցախցիներին առաջարկվել է արդյունավետ բնակարանային ծրագիր, իսկ այդ մարդիկ նախընտրում են պետության գումարներով վարձով բնակվել, հրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ, ըստ պաշտոնական թվերի, շուրջ 900 մարդ բնակարանային սերտիֆիկատ է ստացել, սակայն տուն գնելու հնարավորություն մոտ 100-ն է ստացել:
«Փոխվարչապետը սա ուրախալի լուր է համարում, նշելով, որ մարդիկ այնքան մեծ ընտրություն ունեն, որ դեռ փնտրում են: Իսկ իրականությունը լրիվ այլ է` խիստ մտահոգիչ:
Մարդիկ ծրագրից չեն օգտվում, որովհետև տրվող գումարները համահունչ չեն շուկայական գներին, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է Երևանին ու մերձական մարզերին:
Բնակարանային գները նույնիսկ երկրորդական շուկայում բավականին բարձր են և ես մեծ թվով շահառուների հետ տարբեր սցենարներ ու ելքեր քննարկել եմ:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանկերն էլ իրենց հերթին խնդիր են ստեղծում` դա վերագրելով կառավարությանը:
Խոսքն, օրինակ, վերաբերում է բնակարանների կանխավճարին:
Մարդը Երևանում 30 մլն դրամի շրջանակներում 2 սենյականոց տուն է գտնում, վերցնում իր ընտանիքի 4 անդամի համար նախատեսված 12 մլն դրամանոց սերտիֆիկատը, գնում բանկ, իսկ այնտեղ ասում են, որ սերտիֆիկատի գումարը կանխավճար չի համարվում, պետք է տան գնի 10%-ի չափով գումար վճարել` 3 մլն դրամ, որպեսզի դիտարկեն վարկավորման հնարավորությունը:
Սա դեռ խոսում եմ այն արցախցիների մասին, ովքեր այստեղ գումար են վաստակում և կարող են վարկ փակել:
Կամ ասում են, եթե բազմազավակ ընտանիք է` մեծ գումար կստանան բնակարանի ձեռք բերման համար: Իսկ որևէ մեկը չի «հիշում» այն մասին, որ բազմազավակ ընտանիքի համար մեծ քառակուսի ընդգրկող բնակարան է պետք, իսկ դրա գինն անհամեմատ բարձր է:
Կարճ ասած, այս ծրագրի շրջանակներում հնարավորությունը հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար է, որտեղ տների գինն անհամեմատ ցածր է, իսկ պետությունն էլ այդ դեպքում, մի անձի հաշվով 5 մլն գումար է տալիս:
Կամ էլ կկարողանան ծրագրից օգտվել այն մարդիկ, ովքեր դեռ հետ գցած գումար ունեն և պետության առաջարկած գումարին ավելացնելով տուն կգնեն, իսկ սոցիական ծանր կամ մինիմալ պայմաններ ունեցողները կմնան «կոտրած տաշտակի» առաջ:
Մի հանգամանք էլ. մարդիկ բնակարան են փնտրում այնտեղ, որտեղ նաև աշխատանքի հարց կլուծեն: Կան բնակավայրեր, որտեղ կարելի է տան հարց լուծել, սակայն աշխատանքի լուրջ խնդիր կա և դա ևս մեծ խոչընդոտ է այնտեղ տուն գնելու ու հիմնավորվելու համար:
Իշխանությունն այս ու բազմաթիվ հարցերի լուծումները գտնելու փոխարեն զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու և արցախցիների դեմ ուղղելու գործով»։
20:58 12.04.2025
20:34 12.04.2025