top of page

Հանրահավաքը միայն մեր ներքին խնդիրը չէ․ ի՞նչ է սպասվում մարտի 29-ին Ազատության հրապարակում

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 26
  • 2 min read

«Մարտի 29-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի կազմակերպումը որքան էլ արտաքուստ սպոնտան թվա, բայց իրականում՝ խորքում ամիսների դժվարին աշխատանքն է, որը ստանձնել է  «Հանուն Արցախի» միավորումը, և որի կազմում կան տասնյակ արցախյան հասարակական կազմակերպություններ են ու ակտիվ դիրքորոշում ունեցող անհատ քաղաքացիներ»,- զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ Արտակ Մկրտչյանը։ 

Նրա խոսքով՝ 2023 թվականին բռնի տեղահանված ու Հայաստանում փախստականի «ստատուս» ստացած արցախցիների առջև ծառացած քաղաքական, գաղափարական, սոցիալական բազում խնդիրները ստիպել են ամենատարբեր հայացքների տեր մարդկանց ու կառույցներին համախմբվել ու իրենց միասնական ձայնը բարձրացնել՝ հանուն ոտնահարված իրավունքների պաշտպանության։ 

«Մենք նպատակ ունենք հանրահավաքի ժամանակ խոսել ամենատարբեր խնդիրներից։ Դրանք հիմնականում խմբավորել ենք չորս ուղղություններով, բայց հավատացեք՝ հարցերն ու ենթահարցերը շատ են։ Տարիուկես դեռ ուրվագծված չէ Հայրենիք մեր հավաքական վերադարձի բանաձևը, Բաքվի բանտերում ոտնահարվում է մեր արժանապատվությունը, իսկ Հայաստանի իշխանությունները մտահոգ չեն դրանով, ակնհայտ նախաձեռնողականություն չի նկատվում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մյուս կողմից էլ մեծ «սպառնալիք» է սոցիալական ծրագրերի դադարեցումը։ 

«Բնակվարձերի համար նախատեսված անգամ այդ քիչ գումարի տրամադրումը որոշակիորեն լուծում էր մարդկանց կենցաղային դժվարին հարցերը։ Եվ հիմա միայն պատկերացնել կարելի է, թե ինչ տխուր իրավիճակում են հայտնվելու, երբ զրկվեն այդ հնարավորությունից։ Բոլոր հարցերն էլ իրար հետ փոխկապակցված են։ Ավելորդ չէ ասել, թե ինչ ապրումներ ենք ունենում, երբ ամեն անգամ տեսնում ենք, թե ինչ վանդալիզմի է ենթարկվում Արցախի պատմամշակութային ժառանգությունը և դրան հակադարձող որևէ պետական մոտեցում չի դիտարկվում։ Այնպես որ, հարցերի շրջանակը լայն է և մենք վճռական ենք տրամադրված՝ դրանց պատասխանները ստանալու համար»։

Մկրտչյանն ընդգծեց, որ հետաքրքրական ու ներշնչող է, որ այս հանրահավաքը ինքնաբուխ է և որևէ մեկի կողմից չի ուղղորդվում կամ քաղաքական որևէ թևի չի հարում։ 

«Կազմակերպիչներն ու Խորհուրդը շատ են կարևորում այդ հանգամանքը։ Հասկանալի է, որ միշտ էլ գտնվում են մանիպուլյատորներ, ովքեր աղավաղում են անգամ ամենաազնիվ մղումներն ու նպատակները։ Բայց մենք մաքսիմալ հակադրվելու ենք դրան, որովհետև առանցքում արցախցու արդար իրավունքն ու անկեղծ պայքարն է։ Պետք է ասել, որ այս հանրահավաքը միայն մեր ներքին խնդիրը չէ։ Այն հրավիրում է Արցախի հիմնախնդրին ոչ անտարբեր, արցախցիների հոգսով, ցավով ու դատով ապրող բոլոր մեր հայրենակիցներին, և այն յուրօրինակ մի հարթակ է հանդիսանալու համախմբման։ Կարծում եմ, այս տարիների ընթացքում մենք քանիցս կարողացել ենք իրար թև-թիկունք լինել, այնպես որ, ենթադրում եմ, որ այս անգամ էլ մեր հայրենակիցները մեզ մենակ չեն թողնի Երևանի սրտում»,- հավելեց Արտակ Մկրտչյանը։

1/2459
bottom of page