«Իրենց իրավունք են վերապահել մեր հազարավոր հայրենակիցների անվանել անհայրենիք, անուղեղ, նախիր»․ Բաբկեն Թունյան
- Lilit Nalbandyan
- Jul 28, 2024
- 2 min read

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ աչքովս մի քանի, մեղմ ասած, վատ գրառումներ ընկան՝ Գյումրու երեկվա համերգի մասին:
Որոշ «ուլտրահայրենասերներ» իրենց իրավունք են վերապահել մեր հազարավոր հայրենակիցների անվանել անհայրենիք, անուղեղ, նախիր և այլն՝ միայն այն պատճառով, որ նրանք «հանդգնել են» մասնակցել Թաթայի համերգին:
Գլխանց ասեմ. ձեզ չեմ վիրավորելու, ոչ էլ թույլ եմ տալու գրառմանս տակ վիրավորանքներ հնչեն:
Բայց ինձ հետաքրքիր է՝ որտեղի՞ց ձեր մեջ այսքան չարություն՝ ձեր սեփական հայրենակիցների նկատմամբ: Որտեղի՞ց այդքան հանդգնություն, որ որոշեք՝ ով ինչ անի կամ չանի, ուր գնա, իրեն ինչպես պահի, ինչպես ապրի...
Թե բա՝ «Արցախը, Կիրանցը, մնացած խնդիրները... ո՞նց կարելի է գնալ համերգի ու ուրախանալ»:
Այսինքն ի՞նչ, ձեր ակնկալիքը ո՞րն է, որ Հայաստանում մարդիկ մշտապես սգի մեջ լինեն ու տխո՞ւր, չուրախանան, ոչ մի ուրախ առիթի կամ միջոցառման չմասնակցեն, որ ոչ մի դրական բան տեղի չունենա՞ մեր երկրում՝ նոր տարվա միջոցառումներից մինչև գինու փառատոն, կամ համերգ: Որ մարդիկ չապրե՞ն...
Ինչո՞ւ եք ամեն ինչ հակադրում իրար, սևացնում: Մինչև ե՞րբ, ի՞նչ է դա տալու:
Կամ՝ դուք էդպե՞ս եք անում. ձեր հարազատների ծնունդ կամ հարսանիք չեք նշում, ձեր երեխաներին տեղ չեք տանում, համերգ ու թատրոն, ֆուտբոլ կամ սրճարան չեք այցելում, ուրախ երաժշտություն չեք լսում, լսելիս երբեք չեք պարում, անգամ ծափ չեք տալիս, հանգստանալու չեք գնում, երբեք չեք ծիծաղում, միշտ մռայլ եք՝ հայրենիքի ցավը ձեր սրտում:
Եթե անգամ այդպես է (ինչը խիստ կասկածելի է), ոչ ոք ձեզ իրավունք չի տվել «դատել» ու վիրավորել ձեր հայրենակիցներին, որոնք ոչ մի վատ բան չեն արել: Իսկ ձեր մտքով անցե՞լ է, որ ձեր ասած «անհայրենիքների» կամ «նախիրի» մեջ կան նաև մարդիկ, որոնք որդի կամ եղբայր են կորցրել պատերազմում կամ երկրաշարժի ժամանակ, առողջություն են կորցրել, տուն են կորցրել.... Թե՞ ոմանց սիրտն ավելի շատ է ցավում, այնքան շատ, որ սրճարաններում գարեջուր վայելելու ընթացքում, մինչև ուտելիքը բերելը, ժամանակ չեն կորցնում ռազմահայրենասիրական խրատներ տալու համար ու ձեր հայրենակիցներին վիրավորելու համար:
Հայրենիքն առաջին հերթին մարդիկ են, ու հայրենիքը սիրողը չի կարող այսքան ատել ու պախարակել իր հայրենակցին:
Հայկական սոցմեդիան՝ տարածվող նեգատիվի, վիրավորանքների, թույնի ու չարության ծավալով երևի աշխարհում առաջին տեղում է արդեն:
Միգուցե կա՞նգ առնեք: Էս ամենը ոչ մի օգուտ չի տալիս ու լավ բանի չի բերելու: Եթե պոզիտիվ չեք կարող կամ չեք ուզում մտցնել, գոնե նեգատիվ շաղ մի տվեք՝ հատկապես, եթե դրա համար ոչ մի ծանրակշիռ պատճառ չկա:
Հ.Գ. - Շնորհակալություն ՖեստիՎառի կազմակերպիչներին և իրականացնողներին՝ մեր հայրենակիցներին դրական լիցքեր հաղորդելու համար»։