top of page

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել Բաքվում պահվող հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները


Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների: 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել  է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։ 

Նա ընդգծել է՝ շատ կարևոր է, որպեսզի ենթադրյալ ռազմական հանցագործությունները և այլ իրավախախտումները հետաքննվեն թափանցիկ կերպով։

«Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ և, եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։

Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են շատ ավելի լայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի, մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա և շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերն ու հավելել, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով։

bottom of page