top of page

90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են 7 մմ-ով կամ 6,3%-ով


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի  դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այս ձմեռն ամենաչորն է եղել՝ սկսած 1935 թվականից։

Ձմռան երեք ամիսներն էլ չորային էին, հատկապես չորային էր հունվար ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի ընդամենը 18%-ը։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ ընթացքում։ Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար՝ 45%-ը և 79%-ը։

Մի շարք օդերևութաբանական կայաններ 30-ից 40 օր անընդմեջ գրանցել են չոր օրեր, երբ ընդհանրապես տեղումներ չեն դիտվել կամ օրական տեղումների քանակը չի գերազանցել 1մմ-ը։

Ձմռան ընթացքում էական տեղումներ դիտվել են ընդամենը մի քանի օր՝ դեկտեմբերի 12-ին և 27-28-ը, փետրվարի 2-ին, 14-ին և 20-21-ը։

Սակավ տեղումների հետևանքով փետրվարի երկրորդ տասնօրյակի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը չէր գերազանցում 30 սմ-ը՝ մինչև 2000 մետր բարձրության գոտիներում։

Փետրվարի վերջին տասնօրյակում միայն դիտվել է  ձյան ծածկի ավելացում` պայմանավորված փետրվարի 20-21-ը գրանցված տեղումներով: Հայաստանի ամենաբարձրադիր Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, ձյան շերտի առավելագույն բարձրությունը փետրվարի 21-ին հասել է 121 սմ-ի, այնինչ միջինում այստեղ ձմռանը ձնածածկույթի առավելագույն հզորությունը գերազանցում է 2 մետրը։

Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը (-4․7 °C) նորմայից բարձր էր 0․8 °C-ով: Դեկտեմբերի և հունվարի ամսական միջին ջերմաստիճանները նորմայից բարձր էր համապատասխանաբար՝ 1․1 °C-ով և 2․4 °C-ով, իսկ փետրվարի ամսական միջին ջերմաստիճանը ցածր էր նորմայից 0․9°C-ով: Ձմռան ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 30-ին Աշոցքում՝ -28․5 °C, իսկ Կապանում օդի ջերմաստիճանը հասել է 19․9 °C (դեկտեմբեր 12-ին)։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025թթ․ ժամանակահատվածում ձմռան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 7 մմ-ով կամ 6․3%-ով։

bottom of page