Բոլորը տեղյակ են, որ սահմանին կուտակումներ կան, բացի ԱԽ քարտուղարից MediaHub
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 2 min read
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զարմացած էր այսօր, թե որտեղի՞ց գիտենք, որ սահմանին կուտակումներ կան։ Նա այսօր կառավարությունում ադրբեջանական սադրանքների վերաբերյալ MediaHub-ի հնչեցրած հարցերին ստանդարտ պատասխաններ տալուց զատ փորձում էր հասկանալ, թե ո՞վ է մեզ ասել, որ սահմանին կուտակումներ կան։
Չհասկացանք այդպես էլ՝ ԱԽ քարտուղարը գիտեր այդ մասին, պարզապես ուզում էր տեղեկանալ, թե մենք էլ մեր հերթին որտեղի՞ց ենք իմացել այդ կուտակումների մասին, թե՞ ինքը չգիտեր ու փորձում էր ցույց տալ, որ սահմանին որևէ կուտակում էլ չկա, և թշնամին լրացուցիչ ուժեր չի տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, մեր Զինված ուժերին էլ տևաժան ժամանակ է՝ համար մեկ տրված չէ կամ դիրքերում ուժեղացված ծառայություն չէ հիմա։
«Ասում եք՝ կուտակումներ կան, ինչպիսի՞ ինֆորմացիա է Ձեզ մոտ դրա մասին․․․ ընդհանրապես, նման ասեկոսեների վերաբերյալ կարող եմ ասել, որ պետք չէ հետևել էդպիսի ինֆորմացիոն աղբյուրներին։ Եթե ինչ-որ ինֆորմացիա լինի, միանշանակ է, որ Պաշտպանության նախարարությունն ինֆորմացիա տրամադրելու է»,- կարծես բանից անտեղյակ՝ պատասխանեց Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, առհասարակ, և Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող կեղծ տեղեկություններին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ, ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ իրենց առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Նորից փորձեցինք ճշտել՝ ինքը, ի վերջո, տեղեկություն ունի՞, թե արդյոք ադրբեջանական կողմից սահմանին կուտակումներ կա՞ն, թե՞ ոչ։
«Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիան կկիսվենք հանրության հետ»,- ասաց նա։
Նկատեցինք, որ եթե հանրության մեջ այդ ինֆորմացիան կա ու դա գալիս-հասնում է նաև մեզ, ուրեմն դա չի՞ նշանակում, որ որոշակի մտահոգիչ բաներ կան։ Այստեղ ԱԽ քարտուղարը փորձեց հետաքրքրվել, թե որտեղի՞ց մեզ այդ ինֆորմացիան։
«Դուք ունե՞ք հստակ աղբյուր, ով Ձեզ նման բան է ասել, շատ անկեղծ»,- փորձեց մեր ինֆորմացիայի աղբյուրն իմանալ պարոն Գրիգորյանը։
Բնականաբար, ասացինք, որ մեր աղբյուրը չենք կարող բացահայտել, անուն չենք կարող տալ, բայց նշեցինք, որ մարդիկ նույնիսկ սահմանից այն կողմ կատարվողը ֆիքսել են տեսախցիկով, որ ադրբեջանական կողմը լրացուցիչ ուժեր է կուտակում սահմանի տարբեր հատվածներում։
Ի վերջո, կան նաև մեր շուրջն ապրող զինվորականներ, որոնք կիսվում են այդպիսի ինֆորմացիայով իրենց ընկերների, հարազատների, նաև մեզ հետ, որ սահմանին իրավիճակը լարված է, և սա, կարծում ենք, տարօրինակ չպետք է թվար Անվտանգության խորհրդի քարտուղարին, հատկապես, որ դա պետական գաղտնիք չէ։
«Խնդրում եմ՝ էդ մարդուն խնդրեք, որպեսզի Ձեզ հավելյալ և հստակ ինֆորմացիա տրամադրի, որովհետև ես ենթադրում եմ, որ ինքն, ամենայն հավանականությամբ, այդպիսի բան չի տեսել, որովհետև եթե ինքը տեսել ա, պետք ա մեր համակարգն էլ տեսնի, և մենք այդպիսի ինֆորմացիա ունենանք»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Ստացվում է՝ բոլորը տեսել են, բայց միայն ինքն ու իրենց համակարգը չեն տեսել, որ սահմանին իրավիճակը լարված է, և, իրականում, ադրբեջանական կողմն ամեն օր պարբերաբար կրակում է մեր դիրքերի վրա, ոչ թե օդ, ինչպես ՊՆ-ն է վստահեցնում, և գցում է մեզ վրա, իսկ ՀՀ պետական գերատեսչություններն ամեն գնով փորձում են ցույց տալ, թե որևէ բան էլ չկա։
Ինչևէ, ԱԽ քարտուղարին հարցրինք նաև, թե Ադրբեջանի կողմից հավանական ագրեսիայի և հարձակման դեպքում Հայաստանի գործողությունները որո՞նք են լինելու։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերը պաշտպանելու են ՀՀ տարածքը։ Զինված ուժերն ունի իր խնդիրը՝ ՀՀ տարածքը և իր անվտանգությունն ապահովելու, և իր առջև դրված այդ խնդիրը ցանկացած պահի կատարելու է»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Իսկ այն, որ Ադրբեջանն իր սադրանքները սկսեց խաղաղության համաձայնագրի կետերը համաձայնեցնելուց հետո, մեր այս դիտարկմանն Արմեն Գրիգորյանն այլևս չարձագանքեց։
20:58 12.04.2025
20:34 12.04.2025