top of page

Տիկին նախարարի սպառնալիքն ու սմայլիկը՝ ուղղված ԲԿ-ներին MediaHub


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մի ծավալուն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անուղղակի արձագանքելով MediaHub-ի այն հոդվածին, որ նախարարությունը տասնյակ միլիոնների պետպատվերի գումար է պարտք ԲԿ-ներին։ Մեր այս հոդվածին, հիշեցնենք, արձագանքել էր միայն «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանը՝ շտապելով հերքել, թե նախարարությունն իրենց ոչ մի գումար էլ պարտք չէ, ինքը նախարարի հետ շատ լավ աշխատում է, ոչ մի բողոք-դժգոհություն չունի։

Բայց դա՝ միայն Քուշկյանը, ինչը, ի դեպ, զարմանք ու տարակուսանք էր առաջացրել ոլորտի շատ ներկայացուցիչների մոտ, որ պարոն Քուշկյանը շտապել է հատուկ ընդգծել, որ ինքը նախարարի ու նախարարության հետ որևէ խնդիր չունի, ամեն ինչ կարգին է։ Իսկ մյուս ԲԿ-ները որևէ կերպ չէին հերքել, ավելին՝ տարբեր ԲԿ-ներից մեզ ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատել էին, որ նախարարությունը, այո, անցյալ տարվա դեկտեմբերի 15-ից հետո մինչ օրս դեռ իրենց հասանելիք պետպատվերի գումարները չի վճարել, և հույս էլ չունեն, որ կվճարի, քանզի նախարարությունից այդպիսի ազդակներ են ստացել։

Եվ, ահա, երեկ նախարար Անահիտ Ավանեսյանն իր ծավալուն գրառմամբ նախ կշտամբել է մեզ՝ թե «որոշ կայքեր և անձինք դեռ փորձում են շահարկել թեման»: Այդ «որոշ կայքերն ու անձինք» այս դեպքում հենց մենք ենք»։

Ապա ներկայացրել է, որ 2024թ. պետական պատվերի ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 127 մլրդ դրամ, որը 9 մլրդ դրամով ավելի է, քան 2023թ. փաստացի և 2024թ. տարվա սկզբին հաստատված բյուջեները: 

«Այս աճը ցույց է տալիս, որ մենք, դիմելիության օբյեկտիվ աճով պայմանավորված, կարիքը բավարարել ենք և ապահովել ենք կատարողականների դիմաց պատշաճ ֆինանսավորումը, չնայած որ 2024թ. առաջին տարին էր օֆերտայի համակարգին անցում կատարելուն, և բավական դժվար էր կանխատեսել դիմելիության աճը»,- գրել է նախարարը։

Դրանից հետո էլի մի քանի պարբերություն երկար-բարակ բացատրություններ, արդարացումներ և պարզաբանումներ, թե տարվա ընթացքում ինչ են արել ու ինչպես, ու խոստացել, որ հավելյալ կատարողականները հիմա ուսումնասիրվում են, և օբյեկտիվ աճերը միանշանակ կֆինանսավորվեն նորից` ըստ ընթացակարգի:

Ապա մի թեթև կշտամբել է ԲԿ-ներին՝ դժգոհելով նրանց դժգոհությունից․ «Որքանով հասկացա, մի քանի կազմակերպությունների այս մանրակրկիտ մոտեցումը դուր չի եկել, և փորձում են մամուլի միջոցով անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ-ինչ նպատակների»։

Բայց, ամենաուշագրավը տիկին նախարարի գրած վերջին պարբերությունն է, որում քողարկված սպառնալիք ու վերջում էլ այդ սպառնալիքը քողարկող սմայլիկ է դրված։

«Ասեմ, որ այս տարի դեկտեմբերի երկրորդ կեսի ֆինանսավորումն առաջին անգամ կիրականացվի ոչ թե փետրվարին, այլ` հունվարին, այսինքն` դեռ մի բան էլ ֆինանսավորման ժամկետները առաջ են բերվել. այնպես որ, այդ մի քանի կազմակերպություններին խորհուրդ կտամ հանգիստ սպասել ուսումնասիրության արդյունքներին և ֆինանսավորմանը, եթե, իհարկե, ամեն բան կարգին է իրենց մոտ»,- ահա այս սմայլիկով էլ վերջակետ է դրել իր ծավալուն գրառմանը նախարար Ավանեսյանը։

Կարճ ասած՝ Անահիտ Ավանեսյանը բժշկական կենտրոններին «բարեկամաբար» խորհուրդ է տալիս «հանգիստ նստել տեղները» և սպասել իրենց ուսումնասիրության արդյունքներին՝ ակնարկելով, որ՝ «դեռ հարց է, թե ձեզ մոտ ինչեր կհայտնաբերենք», ու էս գլխից արդեն կասկած է հայտնում, թե՝ «վստահ մի եղեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է լինելու»։ Այսինքն՝ կա՛մ ԲԿ-ների գործունեության ու պետպատվերով նրանց մատուցած ծառայությունների տակ մի բան կա, ու նախարարը վստահ է, որ այդ «մի բանը» կհայտնաբերի, կա՛մ արդեն կանխակալ վերաբերմունք ունի ԲԿ-ների հանդեպ և ամեն ինչ անելու է, որ մի բան գտնի և հրաժարվի ֆինանսավորումից կա՛մ բավարար չափով այդ գումարները փոխհատուցելուց։

Թերևս սրանով էր պայմանավորված, որ «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ները շտապեցին հերքել, թե նախարարությունն իրենց ոչ մի բան էլ պարտք չէ, ոչ մի խնդիր չունեն իրենք տիկին նախարարի հետ, որ հանկարծ վաղը, մյուս օրը իսկապես խնդիր չունենան։

bottom of page