Դուեյն Ջոնսոնի աղջիկները որոշել են կերպափոխել հորը դիմահարդարման օգնությամբ
- Lilit Nalbandyan
- Jan 20
- 1 min read

Դուեյն Ջոնսոնի աղջիկները որոշել են կերպափոխել հորը դիմահարդարման օգնությամբ։
Ինսթագրամի տեսահոլովակում 52-ամյա դերասանը հայտնել է, որ իր դուստրերը՝ 9-ամյա Ժասմինը եւ 6-ամյա Թիանան, որոշել են դիմահարդարել իրեն։
«Դա սկսվեց այն ժամանակ, երբ իմ երկու տորնադոները՝ Ջազին եւ Թիան, հարցրին. «Հայրիկ, կարո՞ղ ենք մի քիչ ստվերաներկ քսել քո աչքերին», եւ ես պատասխանեցի. «Այո, բայց արագ եւ շատ լավ, որովհետեւ ես պետք է մարզասրահ գնամ...»,- գրել է Դուեյնը գրառման մեջ։
Արդյունքում՝ նրա դեմքի կեսը ներկել են վառ վարդագույն շրթներկով, եւ ավելի շատ դիմահարդարված են քիթն ու աչքերը։
Նա քարացած դեմքով նստած է դուստրերի ննջասենյակում, հետին պլանում լսվում է Simon & Garfunkel խմբի «The Sound of Silence» երգը: Դուեյնի դուստրերից մեկը ծիծաղում է, երբ դիմահարդարում է հոր գլխի վերին մասը, որն արդեն ծածկված է կպչուն պիտակներով եւ կոտրված շրթներկի կտորով: Իսկ նրա երկրորդ դուստրը շրթներկով մանյակ է նկարել նրա պարանոցին։
Տեսահոլովակն ավարտվել է նրանով, որ Դուեյնը խոժոռ նայում է տեսախցիկին։
Չնայած հոլովակում դեմքի ոչինչ չասող արտահայտությանը՝ դերասանը նշել է, որ առավելագույնս է օգտագործում ժամանակն իր աղջիկների հետ, մինչեւ նրանք կմեծանան:
«Ես գիտեմ, որ նրանք միշտ չէ, որ փոքր կլինեն կամ կցանկանան ժամանակ անցկացնել հայրիկի հետ, երբ մեծանան, բայց նրանք միշտ կլինեն իմ փոքրիկները, այնպես որ՝ ես ամբողջ օրը կդիմանամ այս ծաղրուծանակին»,- գրել է նա: