top of page

Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի


Համացանցում երեկ ակտիվ տարածվեց մի խայտառակ տեսանյութ, թե ինչպես են ծեծված քաղաքացուն ձեռքերի տակ պահելով դուրս բերում Ոստիկանության Վանաձորի բաժանմունքից և փոխանցում շտապ օգնության բժիշկներին: Պարզվեց՝ ծեծված երիտասարդը արցախցի է՝ Տիգրան Ուլուբաբյանը։

Հայտնի դարձավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները տուժողի բարեկամ Տիգրանին են բաժին հրավիրել, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել, հնչեցրել հայհոյանքներ, ստիպել, որ մեղքը վերցնի իր վրա։ 

«Այլ բան է, որ տուժող կողմը, այսինքն` իմ բարեկամները, գողության դեպքով իմ վրա կասկածեին։ Հակառակը, երբ դեպքը տեղի է ունեցել, տանը եղել են 2 տատիկներ, փեսայիս քույրն ու իր 2-ամյա երեխան։ Նա, ով զենք է պահել երեխայի վրա, դիմակավորված չի եղել։ Գողոնը վերցնելուց հետո նրանք դուրս են եկել, մեր բարեկամները զանգել են ինձ, ես էլ արագ գնացել եմ իրենց տուն, հետո դիմել ենք ոստիկանություն, այն հույսով, որ կգտնեն գողերին։ Իմիջիայլոց, ոսկին վերցնելուց հետո նրանք հանգիստ քայլում էին քաղաքի կենտրոնական մասով, անգամ տեսախցիկներն են նկարել։ Ես ավելի շատ վիրավորված եմ ոչ թե նրա համար, որ անմարդկայնորեն ծեծել են ինձ, այլ նրա, որ ոստիկանին անհարիր պահվածք են ցուցաբերել, հայհոյել, արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ քայլերի դիմել»,- զրույցում այսօր պատմել էր արցախցի Տիգրան Ուլուբաբյանը։ 

Արդյո՞ք ոստիկաններին հեռացրել են աշխատանքից այս խայտառակ միջադեպից հետո. կապ հաստատեցինք ՆԳՆ-ի հետ։

«Մեկ կարող ենք ասել՝ ծառայողական քննություն է նշանակվել, ամեն ինչ պարզ կդառնա քննությունից հետ»,- պատասխանեցին ՆԳՆ-ից։

Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը ասաց, որ մինչ այս պահը դեռ հայտնի չէ կարգազանցություն կատարած ոստիկանների ինքնությունը։ 

«Չեմ զարմանա, որ տեսախցիկների ֆիքսած կադրերը ջնջեն, հետո ասեն, թե տեխնիկական խնդիրներով չենք կարող բացել։ Երիտասարդի նկատմամբ իրենց կողմից կատարված բռնության հետքերը լավանալուց հետո՝ գործն այդպես էլ կփակեն, առանց լուրջ քննության։ Բայց սա քննիչի գործն է․ նա պետք է հավաքի բոլոր ոստիկաններին, հարցնի Տիգրանին՝ ո՞ր մեկն է եղել։ Ոչինչ չեն անում։ Տուժողը ոստիկանության ծառայողներից տվյալներ չունի, ճանաչում է միայն դեմքով»,-հավելեց Երիցյանը։

Նշենք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը զոհվել են Արցախի համար մղված պատերազմներում, մայրը նույնպես մահացել է։ Տիգրանն ընտանիքի միակ տղան է և ինքն էլ մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին։ Այժմ ապրում է Վանաձորում միայնակ։

bottom of page