Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով. Հակոբ Արշակյան
- Lilit Nalbandyan
- 3 days ago
- 1 min read
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Հայտնում են ԱԺ-ից:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական պատճառներ է փնտրում պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ են առաջացնում խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` կարեւորելով բոլոր տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության եւ անվտանգության օրակարգին:
Հանդիպումն ավարտվել է երկխոսությունը եւ համագործակցությունը շարունակելու ընդհանուր հանձնառությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում անվտանգության տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ այլ հարցերի լուծմանը:
20:58 12.04.2025
20:34 12.04.2025