Հայաստանից կարող եք օգնել միայն մեզ համար աղոթելով․ մենք դեռ «կարմիր գոտում» ենք
Չնայած այն բանի, որ ԶԼՄ-ները տեղեկացնում են, թե ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհի տարածման վտանգը կանխվել է, այնուամենայնիվ Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ քամու տատանումների պատճառով կարող են հայտնվել նույն իրավիճակում, ինչ տեղի ունեցավ հունվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։
«Ամեն ինչ սկսվել է իրարից բավականին հեռու կրակի միանգամից 5 օջախից, որոնք անտառներից հասել են քաղաքներ, այրել ու ավիրել ամեն ինչ։ Մեզանից ամենամոտը եղել են Փասադենան և Ալտադենան, այստեղ հազարավոր հայեր են ապրում ու ամենաշատ նյութական վնասները կրել են այս քաղաքների բնակիչները։ Բնակֆոնդի մեծ մասն այրվել է։ Իմ ծանոթների մեծ մասը կրակի ճիրաններից մազապուրծ հասել են մինչև Սակրամենտո։ Սուտ կլինի, եթե ասեմ՝ «այլևս վտանգավոր չէ», քանի որ կրակն ամբողջությամբ մեկուսացված չէ և ամեն րոպե այն կարող է նորից հասնել բնակավայրեր»,- ասաց լոսանջելեսաբնակ Հիլդա Ավագյանը։
Հիլդայի փոխանցմամբ հրդեհի հասցրած վնասներն անհաշվելի են, իսկ կրակի օջախների մոտ բնակավայրերում դեռևս տարհանման վտանգ կա։
«Պետք է ապավինենք Տիրոջը։ Հայաստանից կարող եք օգնել միայն մեզ համար աղոթելով։ Ապահովության համար մենք հավաքել ենք մեր ճամպրուկները, պատրաստել ամենակարևոր իրերը, փաստաթղթերն ու լուսանկարները, որ անհրաժեշտության դեպքում մեզ հետ վերցնենք։ Քանի դեռ չի ավարտվել հրշեջ ինքնաթիռների ու մեքենաների ձայները՝ մենք «կարմիր գոտում» ենք»,- հավելեց մեր զրուցակիցը։