top of page

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր


Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված  «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։



Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Մասիսի հրշեջ-փրկարարները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին  մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։



Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել հերթապահություն։



Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։



Դեպիք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Փողոցում կանգնած էինք, լսեցինք հրշեջ մեքենայի ձայնային ազդանշան ու ու տեսանք թե ոնց հրշեջ մեքենա կանաչի տակով մտավ ու «ԳԱԶել»-ը որտեղից հայտնվեց երկու մեքենաները խփեցին իրար։ Զարմանում ենք, որ էս ազգի որոշ հատված իրենց ականջներին օղ չեն անում, որ երբ հրշեջ, շտապօգնության, պարեկային ավտոմեքենաները լուսաձայնային ազդանշանները միացրած գնում են, պարտադիր պետք է ճանապարհը զիջել, ճանապարհ տալ, միշտ պիտի հիշեն, որ հնարավոր էդ մարդիկ իրենց տուն, իրենց հարազատի մոտ կարողա կանչով գնալուց լինեն»։



Գ․ Շամշյանի տեղեկություններով հրշեջ ավտոմեքենան մեկնում էր կանչի վայր։

1/2384
bottom of page