Սա վճարման քաղաքակիրթ ձև չէ, մետրոյից օգտվողների կյանքը մղձավանջի եք վերածել. Իզաբելա Աբգարյանը՝ մետրոյի հերթերի մասին
- Lilit Nalbandyan
- Oct 15, 2024
- 1 min read

Երևանի քաղաքապետարանն իր չհաշվարկված որոշումներով Երևանի մետրոպոլիտենից օգտվողների կյանքը մղձավանջի է վերածել` դարձնելով մետրոն շատ ավելի անհարմարավետ, քան ավտոբուսները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։ Նա ընդգծեց, որ անձամբ օգտվում է թե՛ ավտոբուսներից, թե՛ մետրոյից։
«Ամեն անգամ, երբ հարցնում ենք, թե ինչու եք այս փոփոխությունները հիմա անում, ասում եք` քաղաքակիրթ վճարմանն անցնելու համար։ Պարոնա՛յք, այն, ինչ ես տեսնում եմ, բնավ քաղաքակիրթ ձև չէ։ Այդ QR կոդով կտրոնի ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում։ Սա, օրինակ, Փարիզի մետրոյի տոմսն է, որը գարդոնից է, փոքրիկ է, չի ճմրթվում, սա էլ Թբիլիսիի մետրոյի պլաստիկ քարտն է, որը հնարավոր է մշտապես լիցքավորել։ Սրանք քաղաքակիրթ վճարման տարբերակներ են, իսկ ձեր QR կոդով կտրոնը՝ ոչ։ Դուք այսօր չեք կարողացել ապահովել ո՛չ քարտով, ո՛չ անհպում վճարում։ Եթե հունվարից է այդ ամենը ներդրվելու, ինչո՞ւ եք հիմա մետրոյից օգտվողներին գցում այդքան հերթերի մեջ։ Այդ ապարատների մեջ անգամ թուղթ չկա, քանի անգամ է` գնում եմ Երիտասարդական մետրո, տերմինալները չեն աշխատում։ 4 կտրոն եմ ուզել, տվել են 1 կտրոն ու 3 ժետոն։ Սա քաղաքակիրթ ձև չէ, սա խայտառակություն է»,-ասաց նա։
Աբգարյանը հարց ուղղեց քաղաքապետարանի աշխատակիցներին` արդյոք իրենք նման փորձարկումներից առաջ ռիսկերը հաշվարկում են, արդյոք պլանավորում են, թե ինչը երբ պետք է ներմուծել։
«Ինձ մոտ տպավորություն է, որ քնում-զարթնում, որոշում եք կայացնում։ Համենայն դեպս, ձեր քայլերն այդ մասին են խոսում»,-ասաց նա։
Ավագանու անդամը կոչ արեց քաղաքապետարանին մտածել երևանցիների հարմարավետության, այլ ոչ թե որևէ ընկերության հավելվածը ներբեռնելու մասին։
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...