Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և Զելենսկին քննարկել են խաղաղության, նավթի և գազի ոլորտում համագործակցությունը

Սաուդյան Արաբիայի թագահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են պատերազմից տուժած երկրում խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս մասին գրում է Al Arabiya-ն։
Ինչպես փոխանցում է լրատվականը, Սաուդյան Արաբիան հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կավարտվի ըստ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, ներառյալ ինքնիշխանության սկզբունքները և միջազգայնորեն ճանաչված սահմանները:
«Կողմերը վերանայել են Ուկրաինայում տևական, արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար գործադրվող ջանքերը», հաղորդում է լրատվականը։
Քաղաքական իրավիճակի քննարկումից բացի, կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության հարցերին և ընդգծվել է առևտրի ծավալների ավելացման և գործարար հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
Սաուդյան և ուկրաինական կողմերը «վերահաստատել են ներդրումային հարաբերություններն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ հաստատելով խոստումնալից ներդրումային և տնտեսական գործընկերություններ այն ոլորտներում, որոնք առաջնահերթ են երկու երկրների համար՝ ներառյալ էներգետիկան, սննդի արդյունաբերությունը և ենթակառուցվածքները», ասված է հայտարարության մեջ։
Կողմերը հավելել են, որ ակնկալում են նավթի, գազի և դրանց ածանցյալների, ինչպես նաև նավթաքիմիական ոլորտներում համատեղ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրություն։