2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը
- Lilit Nalbandyan
- 4 days ago
- 1 min read
Համաշխարհային ֆոնդային բորսաներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վիճահարույց մաքսատուրքերի պատճառով գրացվող անկումների ֆոնին ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը: Այս մասին գրում է cnbc.com-ը:Պատճառն այն է, որ Apple-ի շուկայական արժեքը Թրամփի սահմանած մաքսատուրքերի և դրա հետևանքով արժեթղթերի գնի նվազման պատճառով կրճատվել է և այժմ 2,59 տրիլիոն դոլար է: Իսկ Microsoft-ի շուկայական արժեքը գնահատվում է 2,64 տրիլիոն դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի մաքսատուրքերից առավել շատ տուժողներից է Apple-ը, քանի որ արտադրական գործընթացում կախում ունի Չինաստանի: Իսկ Չինաստանից ապրանքների ներկրման համար Թրամփը սահմանել է ամենաբարձր մաքսատուրքերը:
Nasdaq ինդեքսը վերջին 4 օրում նվազել է 13%-ով. վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone 16 Pro Max-ի գինն ԱՄՆ-ում կարող է բարձրանալ 350 դոլարով:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։
Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։
ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: