top of page

Ժաննա Անդրեասյանը ողջունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 10
  • 2 min read


ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն են տարծել, որում նշված է․

 «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:

Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի փոխհամագործակցության կարևորությունը, որը նպաստում է նախարարության կողմից սահմանված ռազմավարական թիրախների արդյունավետ իրականացմանը:

«Կարևորելով ծրագիրը` ցանկանում եմ, որպես դրական ձեռքբերում, առանձնակի ընդգծել «Իզմիրլյան» հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը»,- ասել է նախարարը:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը  նշել է՝ ուրախալի է ներդրում ունենալ այնպիսի կարևոր ծրագրում, որը հնարավորություն է ստեղծում ամրապնդելու հայերենը` նպաստելով դրա զարգացմանն ու պահպանմանը տեխնոլոգիաների գերարագ զարգացման ժամանակներում:

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի շրջանակում ձևավորվել է հայերենի գնահատման չափորոշիչները մշակող մասնագիտական խումբ, որն ուսումնասիրել է լեզուների իմացության (իրազեկության) և գնահատման համաեվրոպական շրջանակը, դրան առնչվող փաստաթղթերը և դրանց հիման վրա մշակել, տեղայնացրել, ամբողջացրել է հայերենի ուսուցման, ստուգման, գնահատման վեցաստիճան` Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) համակարգի չափորոշիչները։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի աջակցությամբ ուսումնասիրվել են նաև արևելյան լեզուների համար մշակված ազգային համակարգերը:

Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի տեղեկացմամբ՝ 2024 թ. վերջին կազմակերպվել է հանդիպում՝ մշակված չափորոշիչների ընդհանուր սկզբունքները շահագրգիռ կառույցների մասնագետների հետ քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բուհերի և լեզվի ուսուցման կենտրոնների ներկայացուցիչներ: Ներկայում չափորոշիչների փաթեթը փորձագիտական եզրակացությունների է ուղարկվել համապատասխան կազմակերպություններին։ Բաց մրցույթով ձևավորվել է առաջադրանքները կազմող մասնագիտական խումբը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի և Բրիտանական խորհրդի հետ Լեզվի կոմիտեն քննարկել է ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջադրանքները կազմող խմբի մասնագետների համար անցկացնել վերապատրաստումներ:

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև հայերենի դյուրընթեռնելիության ինդեքսը (ARI բանաձևը)՝ անգլերեն Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) մակարդակների էտալոնային տեքստերի և ՀՀ–ում գործող 11 անուն դասագրքերի տեքստերի հիման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին»: 

 

bottom of page