top of page

Երկրաշարժը Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասել, կան փլուզումներ․ Լուսանկարներ (Հրապարակ)

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Aug 12, 2024
  • 1 min read

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել, որոշ մասը՝ փլուզվել։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ տների, դպրոցների վրա ճաքեր են առաջացել, մարզային եւ համայնքային հանձնաժողովները գնահատման աշխատանքներ են անում։



«Երանոս, Վարդաձոր գյուղերն են տուժել, բայց առավելապես Երանոս գյուղը»,-ասել է նա։ 

 

Երանոսի վարչական ղեկավար Բավեյանն ասել է, որ այս պահին հանձնաժողովները գնահատում են պատճառված վնասները։

 

«Բնակիչների կողքին ենք, արձանագրում ենք եղածը։ Ուսումնասիրում է հանձնաժողովը, կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց էական վնասներ է պատճառել, 50-ից ավելի տուն է վնասվել։ Փլուզումներ կան հողաշեն հին տներում, իսկ երկաթբետոնե տներում ճաքեր են առաջացել»,-նշել է վարչական ղեկավարը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ եւ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


1/2473
bottom of page