Նավթի համաշխարհային գները նվազել են գրեթե 5%-ով, իսկ Brent տեսակի 1 բարելի գինն իջել է 60 դոլարից ցածր
- Lilit Nalbandyan
- 4 days ago
- 1 min read
Չորեքշաբթի նավթի համաշխարհային գները նվազել են գրեթե 5%-ով, իսկ Brent տեսակի նավթի 1 բարելի գինը 2021 թվականի փետրվարի 8-ից ի վեր առաջին անգամ իջել է 60 դոլարից ցածր: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս են վկայում առևտրային բորսաների տվյալները։
14:21-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4,79%-ով՝ հասնելով 59,81 դոլարի՝ մեկ բարելի համար, իսկ WTI-ի մայիսյան ֆյուչերսները նվազել են 5,02%-ով՝ հասնելով 56,59 դոլարի։Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։
Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ:
Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: