top of page

Իրան-Սիրիա դաշինքի ամրապնդումն անհանգստացնում է Արևմուտքին և Իսրայելին

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 2 min read

Իրանն ու Սիրիան պետք է ընդլայնեն տնտեսական համագործակցությունը մասնավոր հատվածի միջոցով: Համատեղ արտադրության ստեղծումն այդ առումով լավ հիմք է տնտեսական համագործակցության ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին:


Իրան-Սիրիա ռազմա-քաղաքական դաշինքը Մեծ Մերձավոր Արևելքում նոր իրողություն է ստեղծում տարածաշրջանում, իսկ Իրանի գեոպոլիտիկ հակառակորդներն ամեն ջանք գործադրում են այդ դաշինքը խաթարելու և Սիրիայի ու Իրանի կապերը խզելու նպատակով:


Իրանը Մեծ Մերձավոր Արևելքում, հենվելով շիական համայնքների վրա, ստեղծում է pax iranica՝ Իրանի կենսական շահերի տարածք, որն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկան, Արաբական թերակղզին, Լևանտը, Աֆղանստանը, Միջին Ասիան, Կովկասը, Եմենն ու այլ շրջաններ:


Սիրիան ունի ռազմավարական նշանակություն Իրանի համար, քանի որ Սիրիան Իրանի դարպասն է դեպի Միջերկրական ծով, ինչպես նաև՝ Լիբանան: Չմոռանանք, որ Լիբանանում է կենտրոնացված շիական, իրանամետ Հզբոլահ շարժումը, որն Իրանի ազդեցության լծակն է գեոպոլիտիկ հակառակորդ Իսրայելի նկատմամբ:


Հիշեցնենք, որ Սիրիայում տարիներ շարունակ պատերազմական գործողություններ են ընթանում և Իրանն իր ռազմական մասնագետների, շիական խմբավորումների միջոցով աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Իրանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիային, միջազգային հարթակներում պաշտպանում է Սիրիայի շահերն ու կողմ է Սիրիայից բոլոր անօրինական զինված խմբավորումների դուրսբերմանը: Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հյուսիսն ու այստեղ Իրանի և Թուրքիայի շահերը բախվում են. Անկարան տարիներ շարունակ պայքարում է Ասադի իշխանության դեմ:


Սիրիա-Իրաք-Իրան շիական առանցքի ստեղծումն անհանգստացնում է ոչ միայն ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակից Իսրայելին, այլ նաև Ծոցի արաբական միապետություններին: Այդ առանցքի միջոցով Իրանը կարողանում է ընդլայնել իր տնտեսական, ռազմա-քաղաքական ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում: Արևմուտքը, Իսրայելն ու Ծոցի միապետությունները պայքարում են շիական առանցքի դեմ:


Այսպիսով, Սիրիա-Իրան կապերը շարունակելու են ընդլայնվել՝ ընդգրկելով նոր ոլորտներ և ուղղություններ: Իրանն ոչ մի պարագայում թույլ չի տա օտար ուժերին օկուպացնել Սիրիան, հասնել Ասադի իշխանության տապալմանը՝ դրա համար օգտագործելով իր ռազմա-քաղաքական, տնտեսական ողջ զինանոցը: Սիրիայի համար Իրանը ռազմավարական դաշնակից է, որի ռազմական և ֆինանսական ներուժը կենսական նշանակություն ունի Դամասկոսի համար:


Արտյոմ Բալասանով

bottom of page