top of page

Կոալան դասվել է անհետացող տեսակների շարքին



Ավստրալիայի կառավարությունը կոալաներին պաշտոնապես դասել է անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների շարքին, հաղորդում է «Իմ մոլորակը» հարթակը՝ հղում անելով The Guardian-ին:


Կոալաների թիվը շարունակում է կրճատվել, դա տեղի է ունենում հիմնականում անտառահատման եւ անտառային աղետալի հրդեհների պատճառով: Կոալաները ներառվել են անհետացող տեսակների ցանկում երկրի երեք շրջաններում՝ Նոր Հարավային Ուելսում, Քվինսլենդում եւ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածաշրջանում: Իշխանությունների անգործության պատճառով կոալաների վիճակը վատթարացել է 2012 թվականից, երբ կենդանիներն առաջին անգամ հայտնվել են խոցելի տեսակների ցանկում:


Շրջակա միջավայրի նախարար Սյուզան Լեյը հայտարարել է, որ կառավարությունը նաեւ ցանկանում է սկսել կոալաների պոպուլյացիայի վերականգնման ազգային ծրագրի իրականացումը: «Մենք ուժգնացնում ենք կոալաների պաշտպանությունը Նոր Հարավային Ուելսում, մայրաքաղաքային շրջանում եւ Քվինսլենդում՝ ավելացնելով դրանց անհետացող, ոչ թե խոցելի տեսակների ցանկում»,-նշել է Լեյը:

Անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների ցանկում ավելացնելը կոալաների համար լրացուցիչ պաշտպանություն պետք է ապահովի։ Բնապահպանները հայտարարում են, որ կառավարության որոշմանը պետք է հաջորդի շրջակա միջավայրի մասին ազգային օրենքների վերանայումը: 2020 թվականին Նոր Հարավային Ուելսում արված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ տեսակն այդ նահանգում կանհետանա 2050 թվականին, եթե կառավարությունը չձեռնարկի հրատապ միջոցներ կենդանիների բնակության վայրը պաշտպանելու ուղղությամբ:




bottom of page