top of page

Պորոշենկոն պատասխանել է Պուտինի՝ ապաստան տրամադրելու առաջարկին


Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը «մարդասիրական նկատառումներով» իրեն ապաստան տրամադրելու մասին: Պորոշենկոն վստահեցրել է, որ Կիևն ինքնուրույն կկարգավորի խնդիրը։


Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ինքը Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել, և պատրաստ է դա անել հիմա՝ «ոչ թե այն պատճառով, որ իրեն դուր է գալիս նրա քաղաքականությունը, այլ մարդասիրական նկատառումներով»։


Ուկրաինայի նախկին նախագահը Telegram-ի ալիքում իր քրեական հետապնդումն անվանել է երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկու՝ «Պուտինին նվեր անելու ցանկություն»։ Պորոշենկոն Ուկրաինայի նախագահին հորդորել է «ուղղորդել իր և իրավապահ մարմինների ջանքերը երկրի պաշտպանությանը, այլ ոչ Պորոշենկոյին:


Պորոշենկոն կասկածվում է դավաճանության և ահաբեկչությանն օժանդակելու մեջ: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ նախկին նախագահը հայտնել էր, որ իր դեմ հարուցվել է 130 քրեական գործ, որոնցից մոտ 40-ն արդեն կարճվել են։ Կիևի Պեչերսկի շրջանային դատարանն ավելի վաղ ազատ էր արձակել Պորոշենկոյին անձնական պարտավորությամբ՝ ստիպելով նրան հանձնել իր անձնագրերը և առանց քննիչի թույլտվության չմեկնել Կիևից։ Պորոշենկոն ասել է, որ բողոքարկում է դատարանի որոշումը, քանի որ դա կխանգարի իր քաղաքական գործունեությանը։

bottom of page