top of page

Գործ ունենք ոչ թե կամակատարության, այլ ճնշումներին չդիմանալու հետ․ Մելիքյանը՝ Արղամանյանի մասին



Ես հույս ունեի, որ այսպիսի որոշում չէր կայացնի դատավոր Արղամանյանը, և այդ հույսը պայմանավորված էր դատավոր Արղամանյանի գործունեության հետ կապված որոշ հանգամանքներով։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորվելու հարցին։


«Կարծում եմ, որ դատավոր Արղամանյանը հասկանում է, որ այս որոշումը հետագայում բումերանգի էֆեկտ կարող է ունենալ հենց իր նկատմամբ, բայց դա, կարծում եմ, հետագայի հարց է, հիմա չարժե դրա մասին մտածել։ Այս պահին ունենք փաստ, որ իշխանությունները այն բանից հետո, երբ Եվրոպայից ստացան ժողովրդավարության առաջընթացի մանդատը, որոշեցին մեծացնել բռնաճնշումների ծավալը։ Հետևաբար, իմ համոզմամբ, այս խայտառակության համահեղինակները այն փարիսեցիներն են, եվրոպական տարբեր չինովնիկական աշխատասենյակներում նստած, որոնք որ նման գնահատականներ են օգտագործում՝ չարաշահելով իրենց նկատմամբ վստահությունը»,- ասաց Մելիքյանը։


Հարցին, որ դատավոր Արղամանյանին երկու անգամ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, ինչո՞ւ չօգտվեց այս հնարավորությունից, որպեսզի այս կալանավորման բեռն իր ուսերին չմնա՝ իրավապաշտպանը պատասխանեց․ «Այդ մարդու նկատմամբ իշխանությունները ունեն որոշակի ազդեցություն, դա ակնհայտ է նրա՝ 2018թ-ի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո եղած գործունեությամբ։ Ես չգիտեմ, թե այդ ազդեցությունը ինչպես է դրսևորվել, բայց կարծում եմ, որ այս որոշման մեջ ավելի շատ տեղի է ունեցել ոչ թե նրա համոզմունքը, այլ հենց այդ ազդեցությունը, որի մասին ես վկայակոչեցի։ Այստեղ գործ ունենք ոչ թե կամակատարության հետ, այլ ճնշումներին չդիմանալու փաստի հետ»։


Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:


Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։


Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։


Արմինե Նավոյան

bottom of page